Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒժային մեթոդներով կրոնական համոզմունքների դեմ պայքարըոչնչի չի հանգեցնում

ՈՒժային մեթոդներով կրոնական համոզմունքների դեմ պայքարըոչնչի չի հանգեցնում
24.02.2009 | 00:00

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇԱՐԺՎԵԼ ԱՐԴԵՆ ՏՐՈՐՎԱԾ ՈՒ ՀԱՅՏՆԻ` ԱՐԳԵԼՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Հայաստանում ազգային կոչվելու հավակնություններ ունեցող կամ կարգավիճակով դրան հավակնող կուսակցությունների համար «բարի ավանդույթ» է դարձել արևի տակ տեղ ունենալու համար պայքարի ընդմիջումներում հիշել իրենց «բարձր առաքելության» մասին։ Եվ այդ ժամանակ «կոմերիտական ավյունով» նրանք պայքար են սկսում ազգային արժեքների պահպանման համար։ Իսկ դրա գլխավոր բաղադրիչներից մեկը միշտ եղել է աղանդների, խավարամոլների և հոգեորսների դեմ պայքարը։ Անկախության շրջանից սկսած` այդպիսի նախաձեռնություններ դրսևորվել են անընդհատ, սակայն խնդիրը ոչ միայն չի վերացել, այլև շարունակ մեծացրել է իր ծավալները։ Եվ այսօր կրկին ականատես ենք Հայ առաքելական եկեղեցու արժեքների համար պայքարի հերթական փուլին, երբ խորհրդարանում քննարկվում են խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի հերթական փոփոխությունները։ Ինչպես և սպասելի էր, մեր քաղաքական գործիչները շարունակում են շարժվել արդեն տրորված ու հայտնի` արգելման ճանապարհով։ Սակայն մինչև հիշյալ նախագծի «բարեմասնություններին» անդրադառնալը, կարճ անդրադառնանք Հայաստանում կրոնական փոքրամասնությունների կամ աղանդների արմատավորման պատմությանը։
Դա տեղի է ունեցել մի քանի փուլով։ Առաջին ալիքը 1988-ին էր, երկրորդը` 1992-94 թվականներին։ Անկասկած, այդ ժամանակաշրջանի ողբերգական իրադարձությունները բարենպաստ հող էին ստեղծում տարաբնույթ միսիոներների ի հայտ գալու համար, որոնք միանգամայն հաջողությամբ հավաքագրում էին իրենց «հոտը» հասարակության առավել ընչազուրկ և ճնշված խավերի շրջանակում։ Գործի էին դրվում զգալի ֆինանսական, նյութական միջոցներ, սակայն ոչ պակաս, իսկ միգուցե ավելի շատ նպաստում էր «բարի խոսքի» օգտագործումը։ Այսինքն` հոգեբանական ու սոցիալական ներդաշնակություն ստեղծելու տարրերի կիրառում, որոնք հոգեկան առումով բարենպաստ պայմաններ են ստեղծում տվյալ կրոնական հանրույթի շրջանակում։ 1996-ին առիթ եմ ունեցել մասնակցելու առաջին և, ամենայն հավանականությամբ, առայժմ միակ լայնածավալ ուսումնասիրությանը Հայաստանի կրոնական համայնքների վերաբերյալ, որ հովանավորվեց ՄԱԿ-ի կողմից։ Այն ժամանակ արդեն ի հայտ եկավ մի բնութագրական օրինաչափություն. հանգիստ, բարի կամեցողության և հետաքրքրության մթնոլորտի ստեղծումը կրոնական համայնքներում, տարրական շփումը միմյանց միջև «եղբայրներ» և «քույրեր» դիմելաձևով ոչ միայն հանգստացուցիչ ազդեցություն էին ունենում մասնակիցների վրա, այլև ապահովում հայկական հոգեկերտվածքի համար շատ կարևոր հավասարության ու արդարության զգացողություն։
Երբեք չեմ մոռանա կապիտալի նախնական կուտակման շրջանում ամեն ինչ կորցրած մի կնոջ հուզական պատմությունը, որն ասում էր. «Ինձ ոչ ոք լսելու ցանկություն չուներ։ Ո՛չ չինովնիկները, ո՛չ քաղաքական գործիչներն ու եկեղեցականները։ Միայն նրանք` իմ քույրերն ու եղբայրները հասկացան ու մխիթարեցին ինձ»։ Այդպիսիները հազարներ էին, և դրա համար էլ նոր կրոնական միավորումներին անդամագրվողների թիվը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին ու պետական մեխանիզմին, ապա նրանց մտահոգությունն ավանդաբար դրսևորվում էր արգելելու կամ պատժելու սկզբունքի դրսևորմամբ։ Կիրառվում էին ոչ միայն տարաբնույթ խոչընդոտներ, այլև գործի էին դրվում բռունցքները։ Այդպես 1994-ին «բարձրագույն օրհնությամբ» ԵԿՄ-ի մարտիկները «կարգ ու կանոն հաստատեցին» կրիշնայականների շարքերում, թեպետ սա շատ սահմանափակ համայնք էր, ուր ընդգրկված էին հիմնականում ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ։ ՈՒնեին իրենց կենտրոնը ժամացույցի գործարանի շրջակայքում, բացել էին մի քանի անվճար ճաշարաններ տարբեր քաղաքներում ու գյուղերում և այլ բարեգործական կազմակերպություններ։ Հալածանքները նրանց նկատմամբ սկսվեցին ադրբեջանցիներին գերի ընկած և կրիշնայականների միջազգային կազմակերպության միջնորդությամբ ազատված մի հայ զինվորի հետ կապված միջադեպից հետո։ Վերջինս, Հայաստան վերադառնալով, մտավ կրիշնայականների համայնքի մեջ` առաջացնելով հարազատների դժգոհությունը։ Դրանից հետո ՊԱԿ-ի նախաձեռնությամբ մաքսատանն առգրավվեց և այրվեց այս կազմակերպության գրականությունը, ԵԿՄ-ի ղեկավարության հրահանգով տեղի ունեցավ կրիշնայականներին «խելքի բերելու» ակցիա։ Արդյունքում դա պարզապես հանգեցրեց նրան, որ վերջիններս ոչ միայն չհրաժարվեցին իրենց ուսմունքից, այլև առանց բացառության բոլորը լքեցին Հայաստանը։ Երկիրը կորցրեց ոչ միայն անվճար ճաշարանները, որ պետք էին այն տարիներին, այլև մի շարք տաղանդավոր երաժիշտների, նկարիչների, պարզապես կրթված մարդկանց։ Ինչ վերաբերում է պետության հեղինակությանը, ապա դրա վնասները դժվար էր թերագնահատել, քանզի տարիներ շարունակ այդ իրողությունն արտահայտվում էր Հայաստանի վերաբերյալ միջազգային կառույցների բոլոր զեկուցագրերում։ Ամեն ոք, ով տեղյակ է մարդկության պատմությանը, չի կարող չհասկանալ, որ ուժային մեթոդներով կրոնական համոզմունքների դեմ պայքարը, որպես կանոն, ոչնչի չի հանգեցնում։ Հավատի համար հալածանքը միայն ամրապնդում է տվյալ կազմակերպության շարքերը, ընդլայնում կողմնակիցների զանգվածը` բարձրացնելով նրանց իբրև «հալածյալների»։ Այդպես է եղել հռոմեական կրկեսներից և առաջին քրիստոնյաներից սկսած` մինչև մահմեդական շահիդների ժամանակները։
Իսկ հիմա վերադառնանք խորհրդարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին։ Առաջինը, որ շատ տարօրինակ է, կրոնական կազմակերպությունների թվակազմի փոփոխությունն է։ Այսինքն, պատգամավորները որոշել են, որ կրոնական կազմակերպություն կարող է դառնալ նվազագույնը 1000 անդամ ունեցող կառույցը, երբ այսօր նախատեսված է 200։ Առաջանում է հարց` սա նպատակ է հետապնդում խթանելո՞ւ աղանդներին` ավելի ընդլայնելու իրենց գործունեության դաշտը։ Այնուհետև փոփոխությունների նախագծի յոթերորդ հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ եթե որևէ կազմակերպություն իրեն համարում է քրիստոնեական դավանանքի հետևորդ, այսինքն` ներառում է Հիսուս Քրիստոսի անունը, պետք է կանոնադրության մեջ ընդունի, որ Հիսուսին ճանաչում է իբրև Աստված և Փրկիչ ու ընդունում Սուրբ Երրորդությունը։ Հասկանալի է, որ փոփոխությունն առաջին հերթին վերաբերում է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցի» կազմակերպությանը, որն ավելի հայտնի է իբրև մորմոնական։ Անկասկած է նաև, որ ավանդական քրիստոնեական եկեղեցիներից ոչ մեկը չի ճանաչում նրանց իբրև քրիստոնեական կազմակերպություն։ Եվ, այնուհանդերձ, նրանք փորձում են ներկայանալ քրիստոնեական։ Մորմոնները տարածված են ամբողջ աշխարհում, ամենահարուստ կազմակերպություններից մեկն են, տիրապետում են քաղաքական և քարոզչական լուրջ ռեսուրսների, արդյունաբերական և բանկային կապիտալի, ունեն տուրիստական և հյուրանոցային ցանցեր, ինչպես, օրինակ, «Մարիոթը»։ Այսինքն` ակնհայտ է, որ հայկական ազգային գործիչների ուժերն անհամաչափելի են նրանց հետ, ուստի նման «թակարդների լարումը» միամտություն է։ Մորմոնները չեն փոխի իրենց եկեղեցու անվանումը և, ըստ այդ օրենսդրական փոփոխության` կա՛մ պետք է արգելվեն, կա՛մ էլ մենք հերթական անգամ հարկադրված կլինենք հաշտվել իրողությունների հետ։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նախագծի 15-րդ հոդվածին, ուր մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների գիտակցության, մտածողության, անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության և վարքի վերահսկողություն»։ Մինչդեռ ցանկացած կրոն և կրոնական կազմակերպություն, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցին, իր կոչմամբ է պարտավոր վերահսկողություն հաստատել իր հոտի գործունեության, աշխարհընկալման ու վարքի վրա։ Մարդու գործունեության կանոնակարգումը միշտ եղել ու մնում է ցանկացած կրոնի հիմնական առաքելություններից մեկը։ Բավական է հիշել «Լեռան քարոզը»։ Եվ ահա հայ պատգամավորների թեթև ձեռքով ցանկացած կրոնական գործունեություն, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, ըստ էության, կարող է դրվել օրենքից դուրս։ Եթե մեր խորհրդարանականները նկատի են ունեցել տոտալիտար աղանդներին, որոնց գործունեությունն արգելված է պետությունների մեծ մասում, ապա այստեղ պետք է հստակ սահմանազատում արվեր, տրվեին կոնկրետ կրոնական հանրույթների բնութագրականները, ավելի կոնկրետ ձևակերպումներ նրանց գործունեությունը կասեցնելու համար։
Մյուս կողմից, ամենալավ օրենքն էլ միայն գործի կեսն է, հատկապես այնպիսի նուրբ ոլորտում, ինչպիսին խղճի ազատությունն է։ Եվ այստեղ անհրաժեշտ է վերհիշել հանդուրժողականության մասին, որը, ի դեպ, գործող նախագահի հռչակած քաղաքական կրեդոյի անբաժան մասն է։ Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց այսօր երկրի քաղաքացիների ինչ-որ մաս իրեն չի կապում Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչը, իհարկե, ցավալի է, բայց աղետ չէ։ Ավելի վատ կլինի, եթե այդ քաղաքացիները, ճնշման ենթարկվելով, դադարեն իրենց Հայաստանի քաղաքացի զգալուց։ «Ավանդական արժեքները» պաշտպանելով և այլ ծագում ունեցող ցանկացած բան մերժելով` մենք կարող ենք աշխարհի առջև հայտնվել ուղղակի ծիծաղելի վիճակում։ Որովհետև հանդուրժողական մարդն ընդամենը ճանաչում է ուրիշի ազատ ընտրության իրավունքը, ինչը բնավ չի հակասում ավանդական քրիստոնեությանը։ Եվ եթե դա տեղի է ունենում, ապա պետք է հարց տալ, թե ինչու են մեր համաքաղաքացիները հրաժարվում մեզ համար ավանդական ուղուց։
Եվ այստեղ արդեն հարկ է արձանագրել, որ եթե հավատացյալ կամ հավատալու պատրաստ մարդն ավանդական եկեղեցում չի գտնում իր հարցերի պատասխանը, ապա մեղավոր է եկեղեցին։ Որքան էլ ողբերգական է, սակայն Հայ առաքելական եկեղեցին առայսօր չի կարողանում արտաքին աշխարհի ու իր հոտի հետ խոսել հասկանալի լեզվով։ Մենք օտար միսիոներներին մեղադրելով հանդերձ, պետք է հասկանանք, որ սեփական ինքնագոհության մեջ ընդունակ չենք ինչ-որ բան սովորելու նրանցից։ Այսօրվա նոր ու դաժան աշխարհում հայ եկեղեցին չի դարձել պաշտպանության և օրհնության տաճար, այն հասարակ մարդու կողքին չէ, չի պաշտպանում նրան։ Հայաստանում գործնականում բացակայում է եկեղեցական համայնքների ինստիտուտը, սահմանափակ են հոգևորականների մասնավոր շփումները հավատացյալների հետ, խիստ անարդյունավետ են գործում եկեղեցու շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունները։ Մինչդեռ իբրև հակառակ օրինակ կարելի է դիտել ԱՄՆ-ում կաթոլիկների հայտնի «Կոլումբոսի ասպետներ» բարեգործական կազմակերպությունը։
Հայ եկեղեցու և պետության համագործակցության մասով պետք է նշել, որ եթե մենք մտադիր չենք թեոկրատիայի վերածել մեր պետական համակարգը, ապա քաղաքական գործիչների միջամտությունը կրոնական խնդիրներին ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։ Ավելին, նրանց տրամաբանությամբ, մենք կոշտ ու անզիջում ձևով պետք է նպաստենք Հայ առաքելական եկեղեցու առաջնայնության ամրապնդմանը` ի վնաս խղճի ազատության, և այդ դեպքում ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունները մեզ չպետք է զարմացնեն։
Սուսան ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ